Ոստիկանությունն առգրավել է «Արայի» սեփականատիրոջ գործով սենսացիոն բացահայտում պարունակող խտասկավառակը (տեսանյութ)
«Արայ» ընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի ինքնասպանության գործով սենսացիոն նորություն պարունակող խտասկավառակը, որի մասին հայտնել է hetq.am կայքը, ոստիկանությունն արդեն առգրավվել է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am–ին հայտնեցին, որ Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, կանչվել է Կոտայքի մարզի քննչական բաժին, որտեղ նրա ներկայացրած խտասկավառակը առգրավվել է հիշյալ քրեական գործի շրջանակներում։
Հիշյալ խտասկավառակի ի հայտ գալու մասին փետրվարի 18–ին նյութ է հրապարակել hetq.am կայքը՝ տեղեկացնելով, որ «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, փետրվարի 17–ին, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարևանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:
«Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունը: Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղևորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին»,– մասնավորապես գրել է կայքն ու ներկայացրել տվյալ սկավառակում առկա զրույցից հատվածներ, որից մի դրվագ ներկայացնում ենք ստորև՝
«Արթուրի և Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաև, որ այդ ամենում ներգրավված է Տատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհի, ավելին կտան): Եվ հենց այդ համադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:
Արթուր - Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:
Տատյանա - Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:
Արթուր - Ո՞նց սարերով: Պետք է նաև զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…
Տատյանա - Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երևում:
Արթուր - Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…
Տատյանա - Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:
Արթուր - Այսինքն` անօրինակա՞ն են սահմանը հատելու:
Տատյանա - Ոտքով, իհարկե:
Արթուր – Միևնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:
Տատյանա - Դե դրա համար էլ այդպիսի գումար է:
Արթուր - Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից` մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն»:
«Արայ» ընկերության սեփականատիրոջը, ինչպես հայտնի է, իրավապահները քունքի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերել էին անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում։ 31-ամյա Արմեն Պետրոսյանի մահվանից հետո լուրեր հայտնվեցին նրա ընտանիքի և անձնական կյանքի մասին։ Մասնավորապես՝ news.am–ը զրուցել էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյաննա Չադենկովայի, ում պատմածն էլ որոշակի լույս էր սփռել Պետրոսյանի ընտանեկան կյանքի վրա։
Տատյաննա Չադենկովան մասնավորապես պատմել էր ինքն Արմենի հետ ծանոթացել է Դուբայում, երբ աշխատում էր նավթային ընկերություններից մեկում։ Վերջիններս ամուսնացել էին 2004թ.–ին, իսկ 2006թ. նրանք երեխա էին ունեցել։ Չադենկովայի պատմելով, իրենք բաժանվել են «թյուրիմացության պատճառով առաջացած» խնդիրներից ելնելով։
«2010թ. նոր տարվա նախօրեին հերթական անգամ հարաբերությունները հարթելու նպատակով մեկնեցի իրենց մոտ հյուր դստերս հետ: Բայց նոր տարուց 2 օր առաջ Արմենն ինձ շատ ուժեղ ծեծեց: Երեկոյան էր, նա ալկոհոլի ազդեցության տակ էր:
Այնպես էր ծեծել, որ ուշագնաց էի եղել, երբ ուշքի եկա պառկած էի արյան մեջ հատակին: Այդ ժամանակ, ատրճանակի սպառնալիքի ներքո, ինձ հասցրեցին օդանավակայան և ստիպեցին հեռանալ Հայաստանից»,– պատմել էր «Արայի» սեփականատիրոջ նախկին կինը՝ նշելով, որ բաժանվելուց հետո Արմենը խլել է իրենից աղջկան: Ի դեպ, Պետրոսյանի կինը նշել էր, որ իր համար անհավանական ու անսպասելի էր նախկին ամուսնու հետ կատարվածը՝ հավելելով, որ ինքը չի կարող հավատար նրան, որ Արմեն Պետրոսյանը կարող էր ինքնասպանություն գորեծ։









