Ֆրանսիացի բանվորները գրավել են ArcelorMittal ընկերության գործարաններից մեկը
Բանվորները գրավել են Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և անգործության մատնված ArcelorMittal ընկերությանը պատկանող պողպատաձուլարանը` իշխանությունների ուշադրությունը գործազրկության վրա սևեռելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, մոտ 200 բանվոր այսօր զբաղեցրել են Ֆլորանժում գտնվող ընկերության տնօրինության դատարկ գրասենյակները:
Պահանջարկի բացակայության պատճառով գործարանը մատնվել է անգործության. վառարաններից մեկն աշխատանքը դադարեցրել էր դեռևս 2011թ. հուլիսին, մյուսը` հոկտեմբերին: Այս տարվա փետրվարին գործարանի տնօրինությունը հայտարարել էր, որ մոտ ապագայում վառարանների գործարկում ծրագրված չէ:
Բանվորները մտավախություն ունեն, որ գործարանը կարող է վերջնականապես փակվել: Այս մասին է վկայում նաև այն, որ վերջին ժամանակներում աշխատակիցների թիվը կրճատվել է 3.000-ով: Նրանք պատրաստվում են շարունակել ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ գործարանի ճակատագիրն անհայտ է:
Օրեր առաջ աշխարհի խոշորագույն մետաղագործական ընկերությունը հայտարարել էր, որ երեք ամսում այն կրել է 757 մլն եվրոյի վնաս:









