Շինարարությունն ավելի շատ կանաչ տարածք է խլել. Արմենակ Դովլաթյան

17:54 • 20.02.12

Հայաստանում Կանաչ տարածքների հիմնական կորուստը եղել է ոչ թե 1990-ականների ցուրտ ու մութ տարիներին, այլ վերջին շրջանում, երբ շինարարությունը երկրում լայն թափ էր ստացել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիալ-էկոլոգիական կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Ըստ նրա՝ Սովետական Միության ժամանակ հաշվարկված էր, որ Երևանում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 16ք/մ կանաչ տարածք, սակայն այսօր այդ թիվը հասել է 5 ք/մ–ի:

«Կանաչ տարածքների հիմնական կորուստը եղել է ոչ թե ցուրտ ու մութ տարիներին, այլ վերջին՝ շինարարության զարգացման տարիներին: Դալմայի այգիների մեծ մասը վաճառված ու սեփականաշնորհված է, Նորքի սարալանջի անտառները ոչնչացված են: Ախր դրանք են երևանի թոքերը»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Բնապահպանը հայտարարեց, որ իր կուսակցությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ այգիների վերականգնումը, միայն թե պետությունը թույլ տա:

«Կգտնենք կամավորներ, հովանավորողներ, ամեն ինչ կանենք և Երևանը կունենա թոքեր»,– ասաց նա:
Դովլաթյանը նաև նշեց, որ Երևանում կատարվող շինարարություններիր մեծ մասում, օրինակ՝ Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցներում և Մարգարյան պուրակում, ապօրինի է:

«Ախր մարդկանց բիզնեսին էլ է խփում: Նախօրոք չեն ներկայացնում իրական վիճակը: Մարդը ծախս է անում և կանգնում փաստի առաջ»,- ասաց նա և ավելացրեց, որ իշխանության գործառույթը մարդկանց ճիշտ ուղղություն ցույց տալն է: