Նախիջևանի մասին արխիվային հարուստ ֆոնդին պետությունը տեր չի կանգնում. Ա. Այվազյան

14:50 • 20.02.12

Նախիջևանում շուրջ 27 000 մեծ ու փոքր հուշաձնաններ՝ վանքեր, տապանաքարեր, խաչքարեր ոչնչացվել է և այսօր այնտեղ ոչ մի հայկական մշակութային հուշարձան չես կարող գտնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը՝ ներկայացնելով երկար տարիների աշխատանքը։

Այվազյանի խոսքով՝ իր աշխատություններն անուշադրության են մատնված, դեռ ավելին՝ 1991-ին «Անահիտ» հրատարակչությունում հրատարակած «Նախիջևան» եռալեզու գրքի 30.000 օրինակից 25.000 այդպես էլ տպարանից չի ստացել:

«Եթե չենք կարող Նախիջևանում կասեցնել հուշարձանների ոչնչացումը, ապա ՀՀ-ում ինչպե՞ս կարող են պետականորեն աջակցություն չտալ այդ մասին վկայող փաստերի պահպանմանը: Այս հարցում կատարյալ անտարբերություն է»,- հայտարարեց նա և ավելացրեց, որ այդ գրքերը տպարանում ոչնչացվել են:

Արգամ Այվազյանը նշեց, որ չնայած միջազգային ամբիոններից հայ պետական այրերը բարձրաձայնեցին մեր մշակութային հուշարձանների ոչնչացման մասին, այդուհանդերձ դրանք այդպես էլ աչքաթող մնացին:

«Երբ ՄԱԿ-ի ներկայացուցչին ներկայացրեցին Նախիջևանի ատլասը իմ կողմից կազմված, որը ներառում էր նաև հուշարձանները, նրանք ինձ պատասխանեցին, որ ձերոնք իսկապես բարձրացնում են (հուշարձանների հարցը), բայց մենք այդպես էլ չգիտենք ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Նախիջևանագետը նաև նշեց, որ ինքն ունի արխիվային հարուտ ֆոնդ, որոնք պետք է պետականացվեն, ինչին այդպես էլ պետությունը տեր չի կանգնում:

Այվազյանն առաջարկում է կրկին ու կրկին միջազգային ամբիոններից բարձրաձայնել խնդրի շուրջ: «Պետք է պահանաջատեր լինել Նախիջևանի կործանմանը՝ պահանջելով վնասի հատուցում»,- ասաց նա: