«Հայկական կիբերբանակը» 20-ից ավելի ադրբեջանական կայք է կոտրել
«Հայկական կիբերբանակ» անունով ներկայացած անհայտ անձինք 20-ից ավելի ադրբեջանական կայք են կոտրել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հաքերները հաղորդագրություն են թողել, որում նշված է, որ այդ ամենն արվում է տարիներ առաջ ադրբեջանցու ձեռքով սպանված Գուրգեն Մարգարյանի հիշատակի համար:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարվել էր Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ:
Ռադիոկայանն ընդգծում է, որ «Հայկական կիբերբանակը», որի անունը հայ-ադրբեջանական հաքերային հարձակումներում հիշատակվում է առաջին անգամ, փոփոխության է ենթարկել 22 ադրբեջանական կայքերի առաջին էջերը` դրանցում զոհված հայ զինծառայողի լուսանկարն են զետեղել և հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն թողել` «Գուրգեն Մարգարյան - 8 տարի առաջ - միշտ հիշեք»:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ կոտրված կայքերի թվով սա ամենամեծածավալ հարձակումն է ադրբեջանական կայքերի վրա: Նմանատիպ հարձակում հայկական կողմից իրականացվել է նաև մեկ տարի առաջ` 2011թ. փետրվարին:
Ադրբեջանական կողմից ևս մեծ թվով հայկական կայքեր են կոտրվում: Վերջին նմանատիպ հարձակումը, որից տուժել էր 3 հայկական կայք, տեղի է ունեցել փետրվարի 14-ին:
«Փետրվարի վերջին սովորաբար հարձակումների թիվն ավելանում է, և ցանկալի է, որպեսզի հայկական սայթերը պատրաստ լինեն պատասխան հարձակման», - զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետը` չբացառելով, որ «Հայկական կիբեր բանակի» այս քայլը պատասխան հարձակման կդրդի ադրբեջանցի հաքերներին:










