Ժիզել Բունդհենն` աշխարհի առաջին միլիարդատիրուհի մոդել
Բրազիլուհի Ժիզել Բունդհենը դարձել է մոդելային աշխարհի առաջին ներկայացուցիչը, ում հաջողվել է աշխատել մեկ միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների ցանկը յոթ տարի շարունակ գլխավորող 31-ամյա Բունդհենը նման հաջողության է հասել իր սեփական ներքնազգեստի ու կոշիկի արտադրության ու վաստակած կապիտալի գրագետ մոտեցման շնորհիվ:
Gisele Bundchen Brazilian Intimates ապրանքանիշի ներքնազգեստը Բունդհենն արտադրում է Victoria's Secret –ի բրազիլական տարբերակ Hope ընկերության հետ: Այս ներքնազգեստներն առավել հայտնի են Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում և Իսրայելում: Ներքնազգեստների վաճառքը թույլ է տվել Բունդհենին ավելացնել կարողությունը 40%-ով:
Մանեկենուհին զբաղվում է նաև կոշիկի ու զգեստների վաճառքով: Նա համաշխարհային առաջատար Grendene-ի հետ հիմնել է կոշիկի իր Ipanema արտադրությունը:
Նրան են պատկանում նաև անշարժ գույք` Բրազիլիայի հարավում գտնվող հյուրանոց, հողատարածքներ հեղինակավոր թաղամասերում, առանձնատուն Կոստա Ռիկայում, տուն Կալիֆոռնիայում:
Ժիզելն իր մոդելային կարիերան սկսել է 14 տարեկանից: Նա մասնակցել է Ralph Lauren, Dolce&Gabbana, Versace, Valentino, Celine, Gianfranco Ferre, Chloe մոդելերների ու մոդելային տների գովազդներում, հայտնվել հանրահայտ Vogue, Marie Claire, Harper's Bazaar և այլ ամսագրերի շապիկներին:









