Բնակիչներին պատկանող ավելի քան 380 մլն դրամի գույքը գրավադրած ընկերության տնօրենի դեմ գործ է հարուցվել

17:11 • 20.02.12

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

Ըստ այդմ՝ Երևանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության տնօրենը 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման և Երևանի քաղաքապետարանի ու ՍՊ ընկերության միջև 2007թ. մարտի 16-ին կնքված հանձնարարության պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Բուզանդի 103, 105 և 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կնքել է «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագիր: Ըստ այդմ`պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել և սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում:

Մինչդեռ, ըստ ուսումնասիրված նյութերի, հիշյալ ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ հասցեների սեփականատերերի` շուրջ 380 809 204 դրամ գույքը 2008թ. օգոստոսի 27-ին գրավադրել է «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունում, իսկ ստացված գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն տնօրինել է իր հայեցողությամբ, ծախսել անձնական և այլ նպատակներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: