Տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հավաքին մասնակցում են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը:
Օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքներն ու ունակությունները՝ ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, հավաքի մասնակիցներին առավել մանրակրկիտ ներկայացնել ՀՀ զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ընթացքն ու արդյունքները։
Հավաքի նպատակն է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսությունների միջոցով նրանց ծանոթացնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքակությանը, ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը:
Առաջին դասախոսությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև Զինված ուժերի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ:









