Բա էս միլիոնանոց քաղաքում մի 3 000 մարդ չկա՞ ձեզ հավատացող. Գագիկ Մելիքյանը՝ ՀԱԿ–ի հանրահավաքների մասին
Այն, որ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին ավելի քիչ մարդ է գալիս հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը պայմանավորում է նրանով, որ ՀԱԿ-ը այլևս նորություն չի ասում: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«ՀԱԿ-ում նաև ասում են, որ ճանապարհներն են փակում, դրա համար մասնակիցներ չկան: Տո ես համաձայն եմ, ենթադրենք, ճանապարհները փակվում են, բա էս միլիոնանոց քաղաքում մի 3 000 մարդ չկա՞ ձեզ հավատացող»,-ասաց պատգամավորը և ավելացրեց , որ նրանից հինգ հարյուրը զբոսնողներ են, մյուս հինգ հարյուրը` տարբեր ծառայությունների աշխատակիցներ: «Այսինքն`տակը մնում են իրենք մի հարյուր հոգի և մի հազար հոգի էլ կողքից բերում են, էն էլ փողով»,- Գ.Մելիքյանը հավելեց, որ ժողովուրդը կամաց-կամաց ճանաչում է բոլորին:
«Քննարկման գործընթաց է, և որոշ հարցեր գտել են իրենց լուծումը, որոշները՝ ոչ»,- ի պատասխան Tert.am –ի հարցին, թե անհավասար վիճակ չէ՞, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ հայտարարում են, որ կուսակցությունը այս կամ այն մեծամասնական ընտրատարածքում իրենց է պաշտպանելու, իսկ մյուսները նշում են, որ դեռ սպասում են կուսակցության որոշմանը, պատասխանեց Գագիկ Մելիքյանը: Նա ասաց նաև, որ նման բան հայտարարում են նրանք, ովքեր համոզված են , որ տվյալ տարածքում գնալու են ընտրությունների:









