Նրանք հասկացան, որ մարդիկ ինքնորոշվել և ապրում են այս տարածքում. Գագիկ Մելիքյան

12:07 • 20.02.12

Փետրվարի 16-18-ը Լեռնային Ղարաբաղում անցկացված գիտաժողովին, որը նվիրված էր ԼՂՀ անկախության քսանամյակին, ելույթներով հանդես եկած բոլոր բանախոսները արձանագրել են, որ ԼՂՀ անկախությունն այլևս անշրջելի է և, այս փուլում խոսք պետք է գնա ԼՂՀ միջազգային ճանաչման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Գիտաժողովին մասնակցել են փորձագետներ ՌԴ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից և ԱՄՆ-ից:

ՀՀԿ-ից գիտաժողովին Գագիկ Մելիքյանից բացի, մասնակցել է նաև կուսակցության մամուլի խոսնակ Էդուրարդ Շարմազանովը:

«Մարդիկ կյանքի օրինակի վրա համոզվեցին, որ սա իրենց կյանքն է, մարդիկ ինքնորոշվել և ապրում են այս տարածքում»,- ասաց Գագիկ Մելիքյանը։

Հանրապետական պատգամավորը նշեց նաև, որ բոլոր բանախոսները ընդգծել են, որ ԼՂՀ հակամարտության դեպքում միջազգային իրավունքի նորմերից տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող դիտվել առաջնային, այլ հակառակը առաջնային է համարվել ազգերի ինքնորոշման իրավունքը:

Անդրադարձ է կատարվել Բաքվի, Սումգայիթի դեպքերին, որոնց վերաբերյալ փորձագետները նշել են, որ դա կատարվել է Բաքվի թելադրանքով, ԽՍՀՄ –ի միջոցով, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ հակամարտության հիմքում ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքն է ընկած, այլ ինչ-որ միջէթնիկական հակամարտություն, որի հիմքում կրոնական տարրն է:

Գագիկ Մելիքյանը տպավորված է Գերմանիայի և Հունաստանի ներկայացուցիչների ելույթներից և բնավ տպավորված չէ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովի ելույթից, որը բանախոսի խոսքով իր կարծիքը ներկայացրել է որպես ՌԴ իշխանությւոնների պաշտոնական կարծիք: Ռուս վերլուծաբանը հանդես է եկել մոտալուտ պատերազմի մասին կանխատեսումներով, սակայն ասել է, որ Հայաստանի համար դա կլինի հաջորդը, իսկ Ադրբեջանի համար վերջինը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, կանխատեսվել է, որ
Իրանը հազիվ թե ներքաշվի պատերազմի մեջ, ինչպես նաև այն, որ առաջիկայումԻրաքը կբաժանվի երեք պետությունների: Այս վարկածները պաշտպանել են ռուսները: