Խոջալուի 20-ամյա բնակչուհին «արդարություն» է պահանջում Սարկոզիից
Խոջալուի 20-ամյա բնակչուհի Զարիֆա Գուլիևան փետրվարի 26-ին Խոջալուի «ցեղասպանության» 20-ամյակի կապակցությամբ նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` «արդարություն» պահանջելով:
«Ձեզ ծանո՞թ է Խոջալու անունը», - նախագահին հարց է տալիս ադրբեջանուհին և ինքն էլ պատասխանում է իր հարցին որ, դա բնակավայր է, որտեղ 1992 թ. փետրվարի 26-ին «հրեշավոր հանցագործության հետևանքով սպանվեցին ծերեր, կանայք, երեխաներ»:
«Ցանկանում եմ հավատալ, որ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը` «Ազգային շարժման միություն»-ը, կնախաձեռնեք Ֆրանսիայի Սենատում Խոջալուի ցեղասպանության ճանաչման օրենքի քննարկումը: Դրանով իսկ Դուք կփոխեք Ձեր մասին կարծիքն Ադրբեջանում և կհերքեք Ձեր անմիջական կախվածությունը հայկական սփյուռքից ու լոբբիից», - «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, գրել է աղջիկը:
Ըստ նրա` նախագահները գալիս ու գնում են, իսկ նրանց անունները մնում պատմության մեջ իրենց կատարած գործերով:
«Գիտակցում եմ` որքան դժվար կլինի դա անել, բայց այդ քայլով Դուք ֆրանս- ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ ամրագրվելու լավագույն հնարավորությունն ունեք: Այնպես որ, Դուք և միայն Դուք կարող եք որոշել` մնալ պատմության մեջ քաղաքական գործիչ, որն աջակցեց արդարության հաստատմանը, թե այնպիսին, ով իր անձնական շահերի պատճառով վախեցավ հանցագործությունը հանցագործություն անվանելուց»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարին ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը իրարանցում է առաջացրել Թուրքիայում ու Ադրբեջանում:









