Այ լրագրողներ ջան, ինչի՞, իմ թոռներն են նայում, ասում են պապին յուրացնող ա. Մարգար Օհանյանը ցուցմունք տվեց
ՀՀ Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում կայացաած նիստի ժամանակ հանդես եկավ ցուցմունով:
Օհանյանը հրաժարվեց իրեն վերագրվող մեղադրանքներից՝ ասելով, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ ինքը դրա կարիքը չի ունեցել և այս ամենը «իր գլխին սարքել են» անձնական շահագրգռվածության հետևանքով: «Այդ մեղադրանքը ինձ չի կպնում, սուտ է: Յուրաքանչյուր կտրոն համարակալված է, յուրաքանչյուր կտրոնի վրա պետք դրված լինի տվյալ կնիքը, այնուհետև ում տրվել է նրա պետ համարանիշի համարը»,- ասաց նախկին ՃՈ պետն ու հարց ուղղեց պետական մեղադրողին. «Հիմա եթե իմ ենթակա աշխատակիցները գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել, բայց ոչ ոք չգտնի սպանվածին, ինձ էլի ենթարկելու եք պատասխանատվությա՞ն։ Նույնն ա, երեք հոգի գրել են, որ ես բենզին եմ յուրացրել, բայց չկա ոչ բենզինը, ոչ էլ ապացույցը, էս իրենք էլ սխալ են գրել»:
Մարգար Օհանյանը իր բանավոր ցուցմունքում նշեց, որ այս ամենը զուգորդված է` իր անունն ու բարի համբավը արատավորելու համար:
Մարգար Օհանյանը դիմելով դատարանին և լրագրողներին նշեց, որ իր ընկերներին և բարեկամներին էլ ոստիկանության համակարգից ազատել են նույնիսկ իր տուն գնալու համար, և իր հետ շփվելու համար: Վերջինս նշեց նաև, որ իրեն միշտ հարցնում են թե ինչի չի ասում, որ ինքը յուրացրել է Ալիկ Սարգսյանի հետ, ու ասաց, որ նման բան չի եղել. «Ես չեմ յուրացրել, որ մի հատ էլ ուրիշներին տայի»,– ասաց Օհանյանը:
«Սկսել են իմ հանդեպ ճնշումներ գործադրել, ասել են թող գա ընկնի ոտներս կներենք, բայց ես հայրենիքին նվիրված տղա եմ, ոչ մեկի ոտի տակը ընկնողը չեմ, սա իմ երկիրն ա, ես եթե հանկարծ ու մեղավոր էլ լինեի, ապա ես օրենքի առաջ կգնայի ոչ թե երկրի»,- ասաց Օհանյանը:
Մարգար Օհանյանը գրեթե հուզվելով, նշեց, որ ամբողջ օրը իրեն են ցույց տալիս հեռուստատեսությամբ, և որպես յուրացնղ են ներկայացնում. «Այ լրագրողներ ջան, ինչի՞, իմ թոռներն են նայում, ասում են պապին յուրացնող ա, բայց ես էդ բենզինի կտրոնը սկի տուն չեմ տարել, համ էլ իմ մեքենան ես էդ բենզինից սկի չէի էլ լցնի, համ էլ ինձ հարիր չէր, որ ես գնայի կտրոնով բենզին լցնի»:
ՃՈ նախկին պետին վրդովեցրել է նաև այն հանգամանքը, թե ինչպես է կես ժամում վկայից դառնում կասկածյալ և տեղում ձերբակալվում. «Նենց եկան դիմակավորներով ինձ տարան, ոնց որ ես փախնելու էի, չէ ես չեմ փախնի էս իմ երկիրն ա ես ստեղ հոր գերեզման ունեմ, թող իրանք ինձանից փախնեն»,- ասաց Օհանյանը:
Իսկ դատախազ Հարությունյանը հետաքրքրվեց, թե այդ որ մի բարձրաստիճան ոստիկանի հետ է եղել լարվածությունը, որին ի պատասխան Մարգար Օհանյանն ասաց, որ իր հետ խնդիրներ է ունեցել Ալիկ Սարգսյանը, որի մի շարք որոշումների հետ ինքը չի համաձայնվել: Վերջում Մ. Օհանյանը նշեց, որ իրեն դատում են ԽՍՀՄ օրենսգրքի 58-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի սկզբում Մ.Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միձնորդություն ներկայացրեց, որպեսզի փոխվի իր պաշտպանի խափանման միջոցը` կալանքը փոխարինելու գրավի դիմաց ազատ արձակումով:
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց Մ. Վասակյանի միջնորդությունը և Մարգար Օհանյան խափանման միջոցը մնաց նույնը:









