Մարգար Օհանյանի պաշտպանը հանդես է գալիս իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ
Քիչ առաջ, Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, մեկնարկեց ՀՀ Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական դատավարությունը:
Դատական նիստին ներկայացել էին գործով անցնող ամբաստանյալներ` ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի նախկին աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը, Արա Լևոնյանը, ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ինչպես նաև դատարան էր ներկայացել ամբաստանյալ Մարգար Օհանյանը:
Այսօր դատարանում պետք է ցուցմունք տար նաև վերջինս, սակայն մինչ նա ցուցմունք կտար Մ. Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը հանդես եկավ Օհանյանի խափանման միջնորդությունը փոխելու և գրավով ազատ արձակելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ նման մի միջնորդություն էլ Վասակյանը ներկայացրել էր դատաքննության առաջին օրը` սույն թվականի հունվարի 9-ին: Այն ժամանակ դատարանը միջնորդությունը չէր բավարարել, քանի որ ըստ դատարանի Օհանյանը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ:
Այսօր արդեն բոլոր վկաները հանդես են եկել դատարանում վկայությամբ և այդ պատճառաբանությունը հանված է:
Միջնորդությանը դեմ արտահայտվեց մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարություն Հարությունյանը, նշելով, որ նման մեղադրանքով ամբաստանյալին հասնում է ազատազրկում և նրա կատարած հանցագործությունն ունի ծանր հետևանքներ:
Դատավոր Մխիթար Պապոյանը անցավ խորհրդակցական սենյակ` միջնորդության մասով վճիռ կայացնելու: Դատական նիստը կշարունակվի 14:00-ին:









