Մաշտոցի պուրակում բնապահպանների ակցիան շոու է. Մենուա Հարությունյան

13:17 • 20.02.12

«Հայաստանի հանրապետական կուսակցությոան» անդամ Մենուա Հարությունյանը կարծում է, թե Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բնապահպանների շուրջօրյա ակցիան, որով նրանք ընդդիմանում են Աբովյան փողոցի կրպակները Մաշտոցի պուրակ տեղափոխելու՝ քաղաքապետարանի որոշմանը, ավելի շատ շոուի է վերածվել:

«Նրանք կարծես պատվեր են կատարում և այն գրանտները, որ ստանում են, իրենց գործողություններով արդարացնում են»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:

Մենուա Հարությունյանն ակտիվիստներին միացած շոուբիզնեսի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց ավելի շատ պայքարել իրենց անորակ աշխատանքների դեմ:

«Իրենց տված վնասն ավելի շատ է, քան նույնիսկ եթե այդ երկու ծառը կտրեն: Բարոյականության մասին ավելի շատ և բարձր խոսում են անբարոյականները»,- ասաց երիտասարդ կուսակցականը:

Խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողությունների մասին՝ Մենուա Հարությունյանն ասաց « Քաղաքապետն աննախադեպ որոշում կայացրեց, որ Աբովյանից այդ կրպակները հանելու համարձակությունն ունեցավ, որը չունեին նրա նախորդները: Հասկանալի է, որ փոխհատուցել է պետք սեփականության համար, որի համար էլ տրվել է համարժեք փոխհատուցում»։

«Տարոնն այն տղան է, որ սիրում է Երևանը և պետք է նրան մեջք կանգնել: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նա դառնալու է սիրելի քաղաքապետ»,– ավելացրեց նա:

Ասուլիսն ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց, որ ինքն էլ դեմ է Մաշտոցի պուրակում շինարարությանը, և խնդրեց մյուս բանախոսից իրեն շոումեն չդարձնել:

«Քաղաքապետարանը պետք է բնապահպանների ձայնը լսի և այդ տարածքից հանի այդ շինությունները»,- ասաց նա և ավելացրեց, որ սա մաքուր բնապահպանական պայքար է:

Արմեն Մարտիրոսյան ՀՀԿ անդամին հիշեցրեց, որ սա գրաննետների խնդիր չէ, քանի որ ամնենամեծ գրանտակերն իշախանությունն է, որի շնորհիվ կարողանում են պահել իշխանությունը: