Մենուա Հարությունյանն ու Արմեն Մարտիրոսյանը դեմ են ԱԺ-ի արհեստական երիտասարդացմանը
Ազգային ժողովը երիտասարդ կադրերով համալրելը անհրաժեշտություն է, եթե դա արհեստական սերնդափոխություն չէ, այսօր հրավիրված ասուլիսն ասաց «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ Մենուա Հարությունյանը:
«Եթե ավազակ պատգամավորին փոխարինելու է պոտենցալ ավազակ երիտասարդը, ապա պետք չէ: Անհայրենիք մարդիկ չպիտի լինեն հավակնորդներ: (Ազգային ժողով) պետք է մտնեն նրանք, ովքեր ծառայում են իրենց պետությանը և ոչ թե նրանք, ովքեր նստել են բազմոցին և սպասում են մի պաշտոն ստանալ»,- ասաց նա:
Սա միակ կարծիքն էր, որի հետ համամիտ էր ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես ասաց, որ Ազգային ժողովի երիտասարդացում ասելով պետք է բովանդակային փոփոխություն հասկանալ:
Մենուա Հարությունյանը կատեգորիկ դեմ չէ ամբողջական համամասնական ընտարակրգին անցնելուն, ինչին կողմ է «Ժառանգության» ներկայացուցիչը։ Հարությունյանը փոխարենն առաջարկում էր ավելի իրատեսորեն մտածել: «Եթե մեր խնդիրն է, որպեսզի մեծամասնականով խորհրդարան չմտնեն մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն ԱԺ-ի հետ, ապա այդ իքս մարդիկ փողերը կտան և կմտնեն ցուցակ»,- ասաց նա:
Մենուա Հարությունյանը նաև ասաց, որ ՀՀԿ-ն ազնվորեն հայտարարում ,է որ համամասնականով ոչ մի բիզնեսմենի ցուցակում չի ընդգրկելու, որին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը ասաց . «Իսկ վարչապետը ասում է, որ մեծամասնականով այդ մարդիկ կարող են ընտրվել»:
ՀՀԿ անդամի խոսքով՝ դա արգելել ոչ ոք չի կարող: Նա նաև կանխատեսեց, որ եթե ամբողջական համամասնական ցուցակին անցնենք, ապա երկրորդ՝ վերին պալատ ունենալու խնդիր կառաջանա, որպեսզի ըստ նրա, մարզերի հետ կապը հնարավոր լինի պահպանել:
Մենուա Հարությունյանը նաև հիշեցրեց, որ «մեծամասնականը միայն պետական լագերին չի վերաբերում և մյուս ուժերը նույնպես կարող են առաջադրվել»:









