Բակո Սահակյանի ուղերձը Արցախի Վերածննդի Օրվա առթիվ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ղարաբաղի վերածննդի օրվա առիթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.
Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:
1988թ. փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ և դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրության ամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:
Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին և ձեռնամուխ եղավ անկախ պետականության կերտման բարդ ու դժվարին գործին:
Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը և մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն: Մեր անկախության այս նվաճումները պետք է պահպանենք ու ամրապնդենք ամեն օր և ամեն ժամ: Դա յուրաքանչյուրիս պարտքն է:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս ազատ ու անկախ Արցախի և մեր հերոսական ժողովրդի»:









