Ամերիկյան անօդաչուները Սիրիա են թռչում Իրաքի ռազմաբազաներից
Միացյալ Նահանգների Ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը սիրիական տարածքում հետախուզական թռիչքներ են իրականացնում Իրաքի ռազմաբազաներից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով չինական «Հուանցյու շիբաո» թերթի սիրիացի թղթակցին, անօդաչուները «լուսանկարներ ու տեսագրություններ են փոխանցում կառավարման կենտրոնին, որոնք էլ ներառվում են մարտական գործողությունների մասին տեղեկատուներում»:
Թղթակիցը հիշեցրել է, որ նման տեղեկատուներ ամերիկացի օդաչուների մոտ ինքը տեսել է Լիբիայում աշխատանքի ժամանակ, երբ դրանք ռմբակոծում էին կադաֆիականների թիրախները: Դրանցում, ըստ թղթակցի, հստակորեն նշված են հարվածներ հասցնելու թիրախները:
Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 6.000 մարդ:









