Nabucco-ն հավանաբար կրկնակի կկրճատվի
Nabucco նախագծի կառուցման կոնսորցիումը ծրագրում է կրճատել գազատարի նախնական տարբերակը: Սկզբնապես ծրագրվում էր կառուցել 3.9 հազար կմ երկարությամբ և 31 մլրդ խորանարդ մետր թողունակությամբ գազատար: Այն պետք է Թուրքիայի արևելյան սահմանից ձգվեր մինչև Ավստրիա: Նոր համաձայնագիրը, որը դեռ ստորագրված չէ, ենթադրում է Բուլղարիայից Ավստրիա գազատարի շինարարություն:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ծրագրվում է Nabucco-ի հզորությունը կրկնակիորեն կրճատել: Կոնսորցիումը հայտարարել է, որ դիտարկում է նախագծի այլ տարբերակներ:
«Մենք գազատարի կառուցման բազմաթիվ սցենարներ ենք դիտարկում: Այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ կայացված չէ», - հայտարարել է կոնսորցիումի մամուլի քարտուղար Քրիստիան Դոլեզալը:
Այս հարցը շատ կարևոր նշանակություն ունի Եվրամիության համար, որը ձգտում է Կենտրոնական Ասիայից գազի ներկրման և ռուսական գազից անկախանալու համար նոր «միջանցք» բացել: Սակայն փորձագետները կասկածում են, որ կենտրոնասիական «կապույտ» վառելիքը բավարար է Nabucco-ի համար: Ծրագրվում է նաև դրա միջոցով Եվրոպա հասցնել ադրբեջանական գազը: Իրաքից կամ Թուրքմենստանից լրացուցիչ գազի ծավալներ ստանալու հնարավորություն գրեթե չկա, այդ իսկ պատճառով կոնսորցիումը ստիպված պետք է այլ տարբերակներ որոնի:
Nabucco-ն մրցակցում է մի շարք նախագծերի հետ, օրինակ` Հարավարևելյան- Եվրոպական գազատարի, որը մշակում է բրիտանական «Բրիթիշ փեթրոլեում»-ը, և ևս երկու գազատարների հետ, որոնցով ենթադրվում է կասպիական գազն Իտալիա հասցնել: Մեկ այլ մրցակից է ITGİ գազատարը (Թուրքիա- Իտալիա- Հունաստան), որը մշակում է իտալական Edison SpA-ն ու հունական DEPA գազային ընկերությունը:
Հզոր մրցակից է ռուսական «Հարավային հոսքը»: Այս նախագծի գործընկերներն են այնպիսի եվրոպական հսկաներ, ինչպիսիք են գերմանական BASF –ն ու ֆրանսիական Électricité de France-ը: Ռուսական գազը Սև ծովի հատակով տեղափոխել նախատեսող «Հարավային հոսքը» Nabucco-ից ավելի մեծ ու թանկ նախագիծ է: Սակայն 63 մլրդ խմ հզորությամբ գազատարի կառուցման հեռանկարները նույնպես անորոշ են:
«Nabucco-ի երկարությունն ու հզորությունը կրճատելու հավանականությունը մեծ է: Վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են TANAP համատեղ գազատարի կառուցման մասին հուշագիր, որի հզորությունը 16 մլրդ խմ է: Սա ստեղծում է Nabucco-ի սկզբնական նախագծի կրճատման բոլոր պայմանները», - vz.ru-ի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մատրոսովը:









