Եթե մենակ ապարանցիներով լինեին պրոբլեմ չկար, բայց դիտորդը ներկա էր

18:12 • 20.02.12

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 11-ի տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում երեք մարզերում կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելիս նույն անձի կողմից բազմակի քվեարկության դեպքեր չի արձանագրել և ոչ մի ընտրատեղամասում, այս մասին ասված է գրասենյակի կողմից բաժանված բրոշյուրում, որն ամփոփում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարճաժամկետ առաքելության արդյունքները:

Փոխարենը, իրավապաշտպան առաքելության դիտորդներն ականատես են եղել մի շարք դեպքերի, երբ որոշակի ժեստիկուլացիայի միջոցով ընտրողները հաղորդակցվել են հանձնաժողով անդամների և վստահված անձանց հետ, իսկ ոմանք էլ ցանկություն են հայտնել բաց քվեարկելու, ինչը, սակայն, չի թույլատրվել:

Թիվ 25/01 տեղամասում, օրինակ, ընտրողը Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Ա.Դանիելյանի վստահված անձին ցույց է տվել քվեաթերթը և գցել արկղի մեջ:

Հրազդանի տասը ընտրատեղամասերում փետրվարի 11–ի ընտրությունները դիտարկած է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի թիվ 25/01, 25/06, 25/07, 25/15 , 25/25 և 36/01 ընտրատեղամասերում գրանցել է դեպքեր, երբ միևնույն ընտրատարածքում գտնվել են նույն թեկնածուի մեկից ավելի վստահված անձինք: Թիվ 25/01 տեղամասում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդի և հանձնաժողովի նախագահի շուրջ երեսուն րոպե տևած պարզաբանումներից հետո հետո է երկրորդ վստահված անձը դուրս հրավիրվել: Նույնը կատարվել է նաև 25/06 տեղամասում:

Թիվ 14/01ընտրատեղամասում որոշ քաղաքացիներ փորձել են մտնել մի քանի անձնագրերով, ինչը, սակայն, չի թույլատրվել: Բաց քվեարկության փորձեր եղել են նաև 36/02 ընտրատեղամասում, որոնք նույնպես կանխվել են:
Նույն տեղամասում մի աղջիկ քվեարկության է եղեկ անձնագրի պատճենով, ինչի կապակցությամբ տարածքային հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է։ «Եթե մենակ ապարանցիներով լինեինք, պրոբլեմ չկար, բայց դիտորդներ ունենք, դրա համար էլ չես կարող ընտրել»:

Դուրս գալիս էլ աղջնակը խնդրել է հաղորդել «Ռուբիկ ձյաձային, որ ինքը եկել էր քվեարկելու»: