Երկու անձանց սպանության համար դատապարտված Դոխոլյանն ինքնասպանություն է գործել
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1960թ. ծնված Հովհաննես Դոխոլյանը փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում ինքնասպան է եղել: Մինչ այս նա թողել է գրություն այն մասին, որ զզվել է ապրելուց: Այս մասին հաղորդում է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Նշենք, որ 14 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Դոխոլյանին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը 2004թ. ապրիլի երկուսին մեղավոր էր ճանաչել երկու կամ ավելի անձանց, ինչպես նաև շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների մեջ:
Tert.am-ի հարցին ի պատասխան, թե իր կարծիքով վերջին շրջանում արդյոք չեն ավելացել մահվան դեպքերը, ՔԿ վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը բացասական պատասպան տվեց։ Դիտարկմանը, որ վերջերս ՔԿհ-ում մահացել էր մի այլ կրկնահանցագործ, Ղլեչյանը նշեց, որ «նա էլ ինֆարկտ էր ստացել»:









