«Բուծիկը» ազատագրված է, մնաց Թեղուտը
Բնապահպան ակտիվիստները, որ գրեթե տասներորդ օրն է՝ պայքարում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, քիչ առաջ բոլորով լցվել են դրանցից մեկը և թույլ չեն տալիս, որ շինարարները տեղադրեն կրպակի ապակիները: Մի քիչ սպասելուց հետո ապակիներով բեռնված մեքենան հեռացավ, ինչն առաջացրեց ակտիվիստների բուռն ուրախությունը: Կանաչ տարածքների համար պայքարող երիտասարդները հեռացող մեքենայի հետևից վանկարկեցին՝ «հիկտի՜ր»: Իսկ ոմանք էլ կատակով նշեցին, որ «բուծիկն» ազատվեց, իսկ հաջորդը Թեղուտն է լինելու:
Նշենք, որ քիչ առաջ բնապահպանների պայքարին միացան նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը և երգիչ Արամոն, որը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հավատում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստմանը, որ ոչ մի ծառ չի տուժի: Սակայն, երբ բնապահպանները Արամոյին ցույց տվեցին այն ծառերը, որոնց արմատները շինարարների կողմից բետոնապատվել էին, երգչին այլ բան չէր մնում անելու, քան ասել՝ «դաաա՛…»:
Նշենք, որ ոստիկանները, որ այս պահին պատ կազմելով` տարածքը շրջապատել են, բնապահպանների տպավորությամբ սպասում են ինչ որ հրահանգի:
Ոստիկանությունը պարբերաբար հրահանգում է բնապահպաններին դուրս գալ տարածքից, կրկնելով, որ եթե սահմանված ժամկետում պահանջը չկատարվի, ակցիայի կազմակերպիչները կենթարկվեն պատասխանատվության, իսկ նրանք կհեռացվեն օրենքով սահմանված կարգով: Բնապահպանները, սակայն, մտադիր չեն հեռանալ և քննարկում են տարբերակը, թե բռնի ուժով հեռացվելու դեպքում ինչ միջոցներով են պաշտպանվելու:
Տարածքը լքելու ոստիկանների պահանջին ի պատասխան ելույթ ունեցավ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիկան նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը, ով նշեց, որ իրենց չեն լքելու Մաշտոցի պուրակը, նախ որովհետև շինարարությունն անօրինական է և երկրորդ` տարածքը հանրային է և կանաչ գոտին պատկանոuմ է իրենց:
Նա հայտարարեց, որ ոստիկաններին հետ որևէ խնդիր բնaպահպանները չունեն, նրանք միայն պահանջում են ապամոնտաժել կառուցված կրպակները:
Ակտիվիտների կողքին է նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով հավաքվածներին կոչ արեց չենթարկվել ոստիկանների պահանջներին: Ըստ նրա` ոստիկանների միջամտությամբ տարածքից հեռացնելու քայլերը անօրինական են:
Բնապահպանները վանկարկում են. «Մենք խաղաղ ենք, մենք խաղաղ ենք…»:









