Վահան Հովհաննիսյանը Մաշտոցի այգու խնդրի կապակցությամբ նամակ է հղել Երևանի քաղաքապետին

16:17 • 20.02.12

Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը Մաշտոցի այգու խնդրի կապակցությամբ նամակ է հղել Երևանի քաղաքապետին, որով խնդրում է հանրային քննարկում հրավիրել։ Ներկայացնում ենք նամակը ստորև

Երևանի Գլխավոր Պողոտայում, Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել:

Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաև ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների և մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական և մշակութային խնդիրները, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը: