Վարդան Այվազյանը չի ժխտում, որ գործընկերներն ուրիշի փոխարեն են քվեարկում

13:38 • 20.02.12

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Վարդան Այվազյանը չի ժխտում, որ իր կուսակցական գործընկերները Ազգային ժողովի քվեարկությունների ժամանակ ուրիշների փոխարեն կոճակ են սեղմում:
«Տեսել եմ։ Ո՞նց սուտ խոսամ, որ տեսել եմ է, բայց ես չեմ արել»,- Վարդան Այվազյանը ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Չնայած Վարդան Այվազյանը ուրիշի փոխարեն կոճակ սեղմելը հաճելի երևույթ չի համարում, սակայն ունի երևույթի վերաբերյալ իր բացատրությունը:

«Լինում է որ երկու րոպեով դուրս ես գալիս, խնդրում ես քո փոխարեն քվեարկեն։ Ընդհանրապես չի կարելի ուրիշի փոխարեն քվեարկել: Բայց պարզ խոսում ենք։ Ձեզ հարց եմ տալիս։ Դուք եք խորհրդարանում ու իրար կողք հինգ տարի նստել եք։ Խնդրում է՝ սեղմես։ Չե՞ք անի, թե կասեք մեղա քեզ տեր աստված ու չեք քվեարկի»,- ասաց նա և ծիծաղեց:
Վարդան Այվազյան միաժամանակ վստահ է, որ ընդդիմությունն էլ է խախտումներ անում:

«Էդ կամերաները սաղ օրը մեր վրա են, մի քիչ էլ թեքեք էն կողմ, տեսեք ինչ ա կատարվում»,-լրագրողներին խորհուրդ տվեց նա: