Վրաստանում յուրաքանչյուր ընտանիքի 13 դոլարանոց էներգովաուչեր կտրամադրվի
Վրաստանի կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքի 20 լարիի չափով (մոտ 13 դոլար) էներգովաուչեր տրամադրելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վարչապետ Նիկա Գիլաուրին հայտնել է, որ վաուչերների տրամադրման գործընթացը կսկսվի վաղը:
Ծրագրված է բնակչությանը բաժանել 1 մլն 200 հազ էներգովաուչեր: Դրանց բաշխման պատասխանատվությունը դրված է Աշխատանքի, առողջապահության ու սոցիալական ապահովության նախարարության վրա:
Նախարար Անդրիա Ուրուշաձեի խոսքով` վաուչերների տրամադրումը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությունն է: Նրա խոսքով` յուրաքանչյուր ընտանիք կարող է իր վաուչերը փոխանցել առավել կարիքավոր ընտանիքի:
Վրաստանի պահուստային ֆոնդն էներգովաուչերների տրամադրման համար կհատկացնի 25 մլն լարի (մոտ 15 մլն դոլար):









