Լևոն Զուրաբյանը նմանություն է տեսնում հայաստանյան ընտրությունների ու «Գլադիատոր» ֆիլմի մի դրվագի մեջ
Հայաստանյան ընտրությունները նման են «Գլադիատոր» ֆիլմի այն դրվագին, երբ Հռոմի կայսերը նախապես վիրավորում է գլադիատորին և նրան մարտի հրավիրում: Նման համեմատություն այսօր արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Իշխանությունները անում են ամեն ինչ, որ ընդդիմությունը մատնված լինի պարտության»,- ասաց նա:
Ընտրությունների մասին Լևոն Զուրաբյանի՝ ամենաթարմ տպավորությունները Հրազդան քաղաքի ընտրություններից են: Ըստ նրա՝ Սասուն Միքայելյանը բարդացրեց իշխանությունների վիճակը:
«Հրազդանում այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ Սասուն Միքայելյանի վստահված անձիք էին այնպիսի ճանաչված մարդիկ ինչպիսին են՝ Դավիթ Շահնազարյանը, Փաշինյանը և այլոք, իշխանությունները ստիպված էին օրինական ընտրություններ անցկացնել: Բայց խնդիրն այն է, որ ամեն ինչ տեղի էր ունենում տեղամասերից դուրս: Մարդկանց տանում էին համատիրություններ և տալիս այդ հինգ հազարները»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ-ի ուժեղ վերահսկողության պարագայում առաջին անգամ իրենց ներկայացուցիչի կարողացավ 47 տոկոսի արդյունք գրանցել: Արդյունքը Լևոն Զուրաբյանը մեծագույն հաղթանակ է համարում: «Սա ապացույց է, որ ՀԱԿ-ը ունի հսկայական ընտրազանգված»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ «կասկած չկա, որ Սասունը հաղթել է», սակայն նա տարօրինակ է համարում այն, որ ի տարբերություն նախորդ տարիների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը մոտ 41 հազ. էր, այս անգամ հասել էր 44 հազ.-ի:
«Ինձ բացատրեք, թե ինչպես է սա հնարավոր: Այս փաստարկները ուղղված են ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին: Մենք ինչ էլ անենք կուսակցությունը գտնում է ռեզերվներ»,-ասաց նա և ավելացրեց, որ ինչ էլ լինի ընտրությունները ամենալավ միջոցն է հասարակությանը արթնացնելը, և իրենք սա միշտ օգտագործելու են:









