Ես ուղղակի զարմացած եմ և հպարտ եմ, որ մեր երեխաները կարող են այսպես մտածել. Արման Սահակյան
«Ես ուղղակի զարմացած եմ և հպարտ եմ, որ մեր երեխաները կարող են այսպես մտածել ու արտահայտել իրենց մտքերը: Եվ որ 7-րդ դասարանում սովորող աղջնակը կարող է գրել՝ «Բայց բավ է ապրել անցյալի կորուստներով ու ցավերով, բավ է լացել ու ողբալ: ... մեր հայացքն ուղղենք դեպի լուսավոր ապագան»»:
Այսպիսի գրառումով է հանդես եկել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը՝ Facebook–ի իր էջում անդրադառնալով գյումրեցի մի աշակերտի շարադրության։
Շարադրությունը «Շիրակի» նախագահի նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված աշակերտական «Մեր Հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնի շրջանակներում լավագույնը ճանաչված 12 աշակերտներից մեկինն է։
Մրցույթ-փառատոնի երկրոդ փուլը կայացավ անցած կիրակի Գյումրիում, որին մասնակցում էին 39 դպրոցների 739 երեխաներ: Նրանցից 150-ին կհաջողվի գնացքով ճանաչողական մեկօրյա շրջայց կատարել հայրենքում: Երթուղին կներառի Գյումրի-Այրում երկաթգծին հարող պատմաճարտարապետական հուշարձանները, երեխաները կլինեն Հաղպատում, Սանահինում, Դսեղում և Ալավերդիում։
Իսկ ահա լավագույն եռյակը կորոշվի վաղը՝ Գյումրիում նախատեսված մրցույթի երրորդ՝ ամփոփիչ փուլում, որի արդյունքներով հաղթող ճանաչված երեք աշակերտներին թանկարժեք նվերներ են սպասվում։
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչների խոսքով նախաձեռնությունն ուղղված է գիտելիքի խրախուսմանը և հայրենիքի ճանաչողության բարձրացմանը, իսկ նմանատիպ միջոցառումներ էլի կլինեն:
Ի դեպ, Արման Սահակյանը խոստացել է Facebook–ի իր էջում անդրադառնալ բոլոր լավագույն շարադրություններին։









