Էդվարդ Մունկի հանրահայտ «Ճիչ»-ն աճուրդի կհանվի

18:21 • 21.02.12

Նորվեգացի էքսպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկի գլուխգործոցը համարվող «Ճիչ» կտավը (1895թ.) մայիսի 2-ին վաճառքի կհանվի Նյու Յորքի Sotheby's աճուրդում: Այս մասին հաղորդում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:

Մունկը ստեղծել է նկարի չորս տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են տեխնիկայով: «Ճիչ»-ի երկու տարբերակները գտնվում են Օսլոյում` Մունկի թանգարանում, երրորդը` Նորվեգիայի արվեստի, ճարտարապետության ու դիզայնի ազգային թանգարանում, իսկ չորրորդ տարբերակը, որը գտնվում է արվեստագետի ընկերոջ որդու` միլիարդատեր Պեթեր Օլսենի հավաքածուում, կհանվի աճուրդի:

«Ճիչ»-ը գողերի «ամենասիրելի» արվեստի գործերից է. 1994թ. կտավը գողացվել էր ազգային պատկերասրահից, հետագայում այն հետ վերադարձվեl: 2004թ.-ին զինված հանցագործները կտավը գողացան Մունկի թանգարանից, իսկ 2006թ. այն հայտնաբերվեց ու վերադարձվեց:

Իր օրագրում կտավի ստեղծման մասին նկարիչը գրել է , որ ընկերների հետ զբոսնելու ժամանակ, նայելով արնակարմիր երկնքին, նա զգացել է բնության ճիչը: Մեկ այլ վարկածի հաաձայն` կտավն արվեստագետի հոգեկան խանգարումների, ընկճախտի արդյունք է: Ինչևէ, այն մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի համաշխարհային գեղանկարչության վրա:

Մինչ աճուրդը, կտավն ապրիլի 13-ին կցուցադրվի Լոնդոնում: