Եգիպտոսում պայքարում են մորուքավոր ոստիկանների դեմ
Եգիպտոսում մի խումբ ոստիկաններ ազատվել են աշխատանքից` մորուք ունենալու պատճառով: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցների տեղեկությունները, ոստիկաններից մեկը` Մուհամեդ Սեյիդը, մորուք ունենալու պատճառով մեկ ամսով հարկադիր պարապուրդի է ուղարկվել, իսկ նրա նկատմամբ ծառայողական հետաքննություն է սկսվել:
Գերատեսչությունը զգուշացրել է` բոլոր այն ոստիկաններին, որոնք չեն ցանկանում սափրվել, սպառնում է Սեյիդի ճակատագիրը: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմ Յուսեֆը, ոստիկանության մասին օրենքի համաձայն` յուրաքանչյուր անձ, ով ոտք է դնում ոստիկանական ակադեմիա, պարտավոր է ունենալ կոկիկ տեսք:
Սակայն ոստիկանները նշում են, որ օրենքում նշված չէ, որ նրանց արգելվում է մորուք պահել: Facebook սոցիալական ցանցում նույնիսկ հայտնվել է ոստիկանների խումբ` «Ես մորուքավոր ոստիկան եմ» անվամբ, որտեղ օրինապահներից մեկը գրել է, որ «շատ եգիպտացիներ կցանկանային տեսնել ոստիկաններին մորուքով, որոնք հետևում են Մարգարեի օրինակին»:
Մորուքն իսլամում համարվում է «բարեպաշտ գործ», և ինչպես Մուհամեդ մարգարեն է ասել` «բոլոր մուսուլման տամարդիկ պետք է մորուք ունենան»:









