Ուկրաինական քաղաքի կենտրոնում, բնակելի տան բակում նավթ է շատրվանել

23:08 • 21.02.12

Ուկրաինայի արևմուտքում` Բորիսլավ քաղաքի Դովժենկոյի փողոցի բնակելի տներից մեկի բակում, հանկարծակի նավթի շատրվան է ժայթքել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ներկայում, փրկարարները և բնակիչները հավաքում և հեռացնում են նավթը:

«Նավթի ժայթքման հետևանքով աղտոտված են` հողամասը, բնակելի տունը և օժանդակ շինությունները», - հաղորդել է Ուկրաինայի Լվովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ղեկավարը: Նա նշել է, որ տեղանքում ընդերքից նավթի շատրվանելու դեպքեր հաճախ են լինում, քանի որ քաղաքը` աշխարհում միակն է, որ տեղակայված է նավթա-օզակերիտային և գազային արդյունաբերական հանքավայրի վրա:

Մարզային իշխանությունները անհանգստացած են նավթի արտահոսքով: Մասնագետների գնահատմամբ` իրավիճակը վտանգավոր է, քանի որ հնարավոր է 1972թ. դեպքերի կրկնությունը, երբ, «Նավթային» փողոցում, բնակելի տան մոտ նման շատրվանումից հետո` զուգընթաց ելնող գազի պայթյունից 17 մարդ զոհվեց:

Վտանգը նվազեցնում են ձյան և սառույցի շերտը, սակայն տաքացում է սպասվում:

Քաղաքում գազային մոնիտորինգ է իրականացվում: Հողից դուրս եկող գազը Բորիսլավ քաղաքը «վառոդի տակառի» է վերածել: Տների, շինությունների և նկուղների մուտքերին ցուցանակներ են կախված. «Բաց կրակով մուտքն արգելված է»: