Մաշտոցի այգում հացադուլ հայտարարած լրագրողին թույլ չեն տալիս վրան տեղադրել (ֆոտոշարք)

21:29 • 21.02.12

Երևանի Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Մաշտոցի այգում ընթացող շինարարությունը դադարեցնելու պահանջով այսօր հացադուլ հայտարարած ազատ լրագրող Բայանդուր Պողոսյանին ոստիկանները թույլ չեն տալիս այգում վրան տեղադրել և վրանի տակ շարունակել հացադուլը:

Վրան տեղադրելու մասին ակտիվիստների հարցմանն ի պատասխան ոստիկանության լիազոր ներկայացուցիչն ասաց, որ նման բան չի կարելի:

Հիշեցնենք, որ Բայանդուր Պողոսյանն այսօր ցերեկը հայտարարեց, որ հացադուլ է սկսում: Նախնական որոշմամբ՝ հացադուլը և նստացույցը կշարունակվի 8 օր:

Բայանդուր Պողոսյանն ասել էր, որ իր այս քայլով ցանկանում է իշխանություններին ցույց տալ, որ կրպակների շինարարության դեմ ակցիան անլուրջ չէ: Նա նաև բոլորին կոչ էր արել միանալ պայքարին:

Ոստիկանությունն այժմ այգում հերթապահություն է իրականացնում այգում և օղակ է կազմել կառուցապատվող կրպակների շուրջ: