Մաշտոցի այգում ազատ լրագրողը հացադուլ է սկսում (տեսանյութ)
Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող այգում քիչ առաջ հացադուլ է հայտարարել կրպակների շինարարության դեմ բողոքոց ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանը, որ ներկայացել է որպես ազատ լրագրող։
Նախնական որոշմամբ՝ հացադուլը և նստացույցը կշարունակվի 8 օր:
Բայանդուր Պողոսյանի խոսքերով` իր այս քայլով նա ցանկանում է իշխանություններին ցույց տալ, որ կրպակների շինարարության դեմ ակցիան անլուրջ չէ:
Բայանդուր Պողոսյանը բոլորին կոչ արեց միանալ պայքարին:
Մինչ այս բնապահապնները բոլոր հավաքվածներին կոչ արեցին ակտիվ լինել մոտակա երկու օրերի ընթացքում և իշխանություններին ցույց տալ, թե իրենք ինչի են ընդունակ:
«Ակտիվությունը միայն Facebook-ում լայք անելը չէ: Եկե՛ք այգի և ձեզանից յուրաքանչյուրը թող իր հետ ևս 10 հոգի բերի: Մի՛ քաղաքականցրեք ակցիան»,- ասաց Գոռ անունով մի ակտիվիստ և ավելացրեց, որ իրենք խաղաղ պայքարի կողմնակից են:
Բնապահպանները հայատարարեցին, որ վաղը ժամը 10-ից հավաքվելու են այգում և համախմբելու ուժերը, որպեսզի նոր թափ հաղորդեն ակցիային:
Այգում էր նաև երգիչ Արթուր Իսպիրյանը, ով ևս դեմ է այգում կրպակների տեղադրմանը: Նա հավաքվածներին պատմեց, որ ցանկացել է որդուն էլ իր հետ այգի բերել, սակայն երեխան հրաժարվել է, պատճառաբանելով, որ «այնտեղ շատ միլիցաներ կան և ես վախենում եմ»:









