Քաղաքապետարանը դիմել է, որպեսզի ապօրինի ծառահատման խնդրին ընթացք տրվի

18:54 • 21.02.12

Փետրվարի 19 ին Երևանի քաղաքապետարանն ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրվա գիշերը Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում ապօրինի ծառահատում է իրականացվել:

Ըստ Երևան քաղաքապետարանի հաղորդագրության՝ տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել է 6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի` կոճղի 10, 12 և 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի և 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 և 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչություն, Երևան քաղաքի բնապահպանության տեսչություն և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին`համապատասխան ընթացք տալու համար: