Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է «Վրացական երազանք» կոալիցիան

13:46 • 21.02.12

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է ռուսական vz.ru պարբերականը, կոալիցիայի մեջ են մտնում «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան»-ը, «Վրաստանի հանրապետական կուսակցություն»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և «Ազգային ֆորում»-ը:

Կոալիցիան հայտարարել է,որ աշնանն անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իրենք են հաղթելու և խոստացել վերջ դնել երկրում տիրող «անօրինականությանն ու միջազգային մեկուսացմանը»:

Իվանիշվիլին ու իր կողմնակիցները խոստացել են նաև զարգացնել երկրում ժողովրդավարական արժեքները, ամրապնդել ազգային համաձայնությունը, խորացնել ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, աբխազների ու օսերի հետ երկխոսության ուղիներ փնտրել, ինչպես նաև բանակցություններ վարել Ռուսաստանի հետ ու միջազգային հանրության աջակցությամբ հասնել արդյունքների:

Կոալիցիան ընտրություններում հաղթելու դեպքում ծրագրում է արմատական բարեփոխումներ անցկացնել նաև տնտեսական ու սոցիալական ոլորտներում: