Մարգար Օհանյանի փաստաբանը պատրաստ է բողոքել մինչև վճռաբեկ դատարան

15:49 • 21.02.12

Եթե ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չբավարարի ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին, ապա նրա շահերի ներկայացուցիչ Մկրտիչ Վասակյանը պատրաստ է դիմել և՛ վերաքննիչ և՛ վճռաբեկ ատյանների դատարաններ, մինչև կարողանա ապացուցել Օհանյանի անեմղությունը։

«Մենք մեր միջնորդության մեջ նշեցինք, որ նախորդ անգամ դատարանը մերժել է, քանի որ, ըստ դատարանի, կարող է Մարգար Օհանյանը ազդել վկաների և ամբաստանյալների ցուցմունքների և դատաքննության վրա։ Սակայն արդեն թե՛ վկաները, թե՛ ամբաստանյալներն ավարտել են իրենց վկայություններն ու բոլոր հիմքերը կան, որ Օհանյանն ազատ արձակվի (խափանման միջոցը փոխվի – Tert.am)», -Tert.am-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Վասակյանը:

Հիշեցնենք, որ Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը երեկ դատարանը մերժեց այն հիմքով, ինչ հիմքով մերժել է հունվարի 9-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, այն է՝ Մարգար Օհանյանի ազատության մեջ գտնվելը կարող է խանգարել դատաքննությանը։

Արդեն գրեթե 6 ամիս է, ինչ ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը գտնվում է անազատության մեջ` պաշտոնական դիրքը չարաշահելու և այդպիդով պետությանը խոշոր չափերի վնաս հասցնելու մեղադրանքով։

Երեկվա դատական նիստի ժամանակ Մարգար Օհանյանն իր պաշտպանական ցուցմունքի ժամանակ նշեց, որ յուրացում լինել չէր կարող և այդ ամենը իր «գլխին սարքել են», քանի որ խնդիրներ է ուենցել ՀՀ Ոստիկանության այն ժամանակվա պետ Ալիկ Սարգսյանի հետ: