Մաշտոցի այգում կեսգիշերից առաջ շինարարությունը վերսկսվել է (ֆոտոշարք)
Լուսանկարները՝ Սեդա Գրիգորյանի
Մաշտոցի այգում կեսգիշերից առաջ, ժամը 22։30-ին մոտ կրկին մեկնարկել է շինարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցում մի շարք օգտատերերի կողմից արված ահազանգող գրառումներից։ Մասնավորապես, ըստ գրառումների, մի խումբ բանվորներ, ոստիկանների հսկողությամբ որոշ կրպակների ապակիներն են տեղադրում։ Արա Պետրոսյանը մոտ երկու ժամ առաջ իր էջում գրել է. «Հենց հիմա լուր ստացա Մաշտոցի այգուց: Լույսերը միացրել են ու զոդում են տանիքը, իսկ մյուս կողմում շարում են ապակիները, նենց որ գիշերն են շինարարություն անում, լիքը ոստիկան ա ու շինարարներ, ակտիվիստ չկա»։
Այս լուրերը հարուցել են օգտատերերի զյրույթը։ Նրանցից Ռուզան Ղազարյանը արձանագրում է, որ «գիշերը միայն գողերն են գործ անում»։ Արարատ Ալիխանյանն էլ քննարկելով առավոտյան այստեղ գալու հարցը՝ կես կատակ–կես լուրջ նկատել է «Առավոտյան կարող ա՞ արդեն խանութները գործեն, իսկ երբ բնապահպանները էլի գան պայքարելու, հիմա էլ կասեն ավազակային հարձակումներ են անում բնապահպանները...»։















