Մաշտոցի այգու շուրջ ոստիկանները պատ են կազմել (տեսանյութ, լուսանկարներ)

15:44 • 21.02.12

Մաշտոցի այգում այս պահին մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք այգում գտնվող Tert.am-ի թղթակցից: Շին տարածքը ամբողջությամբ գտնվում է ոստիկանների հսկողության տակ, ովքեր պատ կազմած թույլ չեն տալիս որևէ մեկին մտնել այգու տարածք: Կրպակների կառուցման արտաքին աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ շինարարները փորձել են հավասարեցնել կրպակների արանքում մնացած ծառերի հողը և բետոնապատ տարածքը, ինչը աղմուկ է բարձրացրել հավաքվածների շրաջնում՝ «Ծառը մի վնասեք», որից հետո շինարարները այդ աշխատանքը դադարեցրել են:

Այգու շրջակայքում հավաքվել են բոլոր նրանք, ովքեր դեմ են կառուցապատմանը: Նրանց մեջ է նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Հիշեցնենք, որ նա բնապահպանների հետ ամիսներ առաջ մեկնել էր նաև Սյունիքի մարզ՝ Քաջարանում հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպաններին դեմ արտահայտվելով և ներկայացնելով Սյունիքի մարզպետի շահերը, ինչը մեծ ըմբոստությամբ ընդունվեց բնապահպանների կողմից։ Այս անգամ, Մերուժան Տեր–Գուլանյանի՝ Մաշտոցի այգի գալուն պես բնապահպանները ճշտեցին նրա դիրքորոշումն այգու խնդրի նկատմամբ, և ստանալով իրենց բավարարող պատասխան, այնուամենայնիվ միանշանակ չընդունեցին նրան՝ համարելով, որ այս քայլով նա «Քաջարանի մեղքերն» է քավում։
Tert.am-ի հետ զրույցում Տեր–Գուլանյանը ասաց, որ կարծում է՝ խնդիրը պետք է լուծի ոչ թե քաղաքապետը, այլ կրպակների սեփականատերերը:

«Կրպակները այս տարածքում պետք է չլինեն: Քաղաքապետի աշխատանքը ես դրական եմ գնահատում և համոզված եմ, որ այս հարցը դրված է եղել ոչ թե իր քաղաքապետ լինելու ժամանակ, այլ առաջ: Առաջարկում եմ սեփականատերերին հրաժարվել այս մտքից, հատկապես որ հաստատ այս կրպակների հույսին չեն, այլ սեփականություններ էլ ունեն»,-ասաց նա:

Տեղեկացնենք, որ այս պահին երիտասարդները այգում հայրենասիրական երգեր են երգում և քոչարի պարում: