Ռուսաստանը կիրականացնի Եվրոպայում ՀՊՀ տեղակայելու ծրագրի դեմ բոլոր քայլերը. Մեդվեդև
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ երկիրը կձեռնարկի բոլոր ռազմատեխնիկական միջոցներն ամերիկա-եվրոպական Հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՊՀ) դեմ, եթե «գործընկերները չառաջարկեն համատեղ աշխատել կամ հրաժարվեն ԱՄՆ-ի ավելի վաղ հնչեցրած ծրագրերից»:
«Սա չի նշանակում դիմակայության սկիզբ, սա ընդամենը նշանակում է միայն մեկ բան` մենք չենք կարող նրանց ծրագրերի հանդեպ անտարբեր լինել, որովհետև այն շոշափում է մեր ռազմավարական շահերը, այդ իսկ պատճառով ես ստիպված էի հայտարարություն անել», - ասել է Մեդվեդևը` անդրադառնալով դեկտեմբերի վերջին իր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա կոշտ էր արտահայտվել ամերիկյան ՀՊՀ-ի վերաբերյալ:
Նախագահն ընդգծել է, որ իր այդ հայտարարությունը տարբեր կերպ է ընկալվել. ոմանք այն համարել են կոշտ ու խիստ, ոմանք` նախընտրական:
«Սա կոշտ հայտարարություն չէր, քանի որ այնտեղ թվարկված էին բոլոր իրական հանգամանքները, որոնք դրդեցին ինձ, որպես գերագույն հրամանատար, ընդունել համապատասխան որոշումներ և այն պատասխան քայլերը, որոնք կիրագործվեն: Դրանք, ի դեպ, իրականացման փուլում են», - ասել է Մեդվեդևը:
Փետրվարի սկզբին մի խումբ միջազգային փորձագետներ ներկայացրել էին Եվրատլանտյան նախաձեռնության (EASI)` անվտանգության ոլորտի վերաբերյալ զեկույցը, որտեղ առաջարկվում է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու փոխզիջումային տարբերակ: Կողմերին առաջարկվել է փոխանակվել ՀՊՀ տվյալներով: Միևնույն ժամանակ, ռուսական ու ՆԱՏՕ-ական համակարգերը չեն միավորվի:
Հունվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ դաշինքի` Եվրոպայում ՀՊՀ տեղակայելու ծրագիրը կստեղծվի առաջիկա 8-10 տարվա ընթացքում:
Նախորդ տարեվերջին Մեդվեդևը Դաշնային ժողովին ուղղված տարեկան ուղերձում ՀՊՀ շուրջ բանակցություններում և Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի աշխատանքներում համատեղ աշխատելու հույս էր հայտնել:
Մեդվեդևը նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ–ին հիշեցրել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու իրավունքի մասին։ Նա հայտարարել էր, որ եթե ԱՄՆ–ն չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից և կհրաժարվի զինաթափման գործընթացից։









