Մատենադարանի նոր շենքում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը

13:31 • 21.02.12

Այսօր Երևանի մատենադարանի նոր շենքում միջոցառում է կազմակերվել՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան։

Միջացառմանը ներկա են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գիտության և մշակույթի գործիչներ և այլոք:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Ութմազյանը և Սարգիս Նաջարյանը պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով: Հուշամեդալները նրանց հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕՆ փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենի լեզվի միջազգային օր։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջոցառմանը ներկա չէր։ Նրա փոխարեն քաղաքապետի ուղղերձը կարդաց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Հանդիսավոր միջոցառումը վարում էին ՀՀ ժողովրդական արտիստներ Ազատ Գասպարյանը և Սիլվա Յուզբաշյանը:

Միջոցառման շրջանակներում այսօր Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի կունենա գիտաժողով։ Բացի դրանից՝ Օշականում վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի շարք պաշտոնյաներ ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:

Մայրենի լեզվի միջազգային օրը կոչված է նպաստելու մայրենի լեզվի հետ կապված խնդիրները վեր հանելուն, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհներն ուղղենշելուն, ինչպես նաև հայրենիքում և սփյուռքում Մեսրոպ Մաշտոցին և հայ գրականության երախտավորներին նվիրված երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն ներշնչելուն։