Կրկնակի քվեարկող պատգամավորների նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվի
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է ուրիշների փոխարեն քվեարկած Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորների հարցը և որոշվել, որ նրանց նկատմամբ կարգապահապական միջոցներ չեն կիրառվելու:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին Tert.am–ի ուղղած մի շարք գրավոր հարցերին ի պատասխան ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում ասվում է, որ այդուհանդերձ, Սամվել Նիկոյանը որոշել է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երևույթները բացառելու համար:
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյային մի շարք հանրապետական պատգամավորների ուրիշի փոխարեն քվեարկությունները տեսնելով՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում «երկգլխանի մարդիկ» կան, իսկ «Պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ-ն դիմել էր Հատուկ Քննչական ծառայություն ՝ պահանջելով քրեական գործ հարուցել այդ պատգամավորների նկատմամբ: ՀՔԾ-ն այդ նամակը վերահասցեագրել էր Սամվել Նիկոյանին:
Խորհրդակցության ժամանակ բացատրություն է տրվել այն հանգամանքին, թե ինչու չի կատարվել «ԱԺ կանոնակարգ օրենքի» այն պահանջը, որը թույլ է տալիս պատգամավորին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես գալ և առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա:
«Հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն, ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, և այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել»,- նշված է ԱԺ հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է նիստի ընթացքում պատգամավորների կողմից թույլ տրված կանոնակարգային խախտումների մասին հիշատակումներին, փաստ է, որ «բացի վերոհիշյալ դեպքից, կոնկրետ այլ պատգամավորների անուններ որևէ պատգամավորի կողմից չեն հնչեցվել: «Ուստի, նիստը վարողը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք Էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաև պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցեր և դրանով գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երևույթները կանխելու համար:









