«Արմնյուզի» հետ մեր ներգրավվածության խոսակցություններն անհիմն չեն. «NewsՀաբ» նախագծի հեղինակ

12:45 • 21.02.12

«Վաղվա մեր «NewsՀաբ»–ում մենք կանդրադառնանք ոչ միայն այդ, այլև մեր հաղորդման մասին պտտվող մյուս լուրերին»,–Tert.am–ի հետ զրույցում ասաց ArmComedy-ի նախագծի «NewsՀաբ» հումորային հաղորդման հեղինակներից Սերգեյ Սարգսյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով կայքերից մեկի երեկվա այն տեղեկատվությունը, թե շուտով հիշյալ հաղորդումը հեռարձակվելու է «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ։ Մեր հարցին, թե արդյուհանդերձ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Սարգսյանը պատասխանեց. ««Արմնյուզի» հետ համագործակցության մեր ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն»։

Հաղորդման համահեղինակի խոսքով՝ իրենց հումորային հաղորդումը գոյություն ունի արդեն մոտ մեկ տարի, իսկ արդեն կես տարի է կրում է «NewsՀաբ» անունը։ Այն միշտ հեռարձակվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագծերից մեկի՝ «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսությամբ։

«Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը Tert.am–ի հարցին ի պատասխան նշեց, թե նման բան չկա, որի մասին ինքն անգամ ստատուս է գրել «Facebook»–ի իր էջում։ Ալեքսանյանն այնտեղ գրել է. «Ինչ աբսուրդ լուր ա... իմ մոտ միայն ծիծաղ ա առաջացնում»։

Մեր հարցին, թե արդյո՞ք այդ հաղորդման հեղինակների կազմի հետ համագործակցության որևէ գաղափար կամ նախագիծ կա, Արտակ Ալեքսանյանն արձագանքեց. «Մենք հին ընկերներ ենք, միշտ էլ համագործակցում ենք»։

Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը ղեկավարում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն օրերս անդամակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ հայտարարելով, որ առաջիկայում հիմնադրամի խորհուրդը կքննարկի իր կողմից հիմնադրամը ղեկավարելու հարցը։