Ռուսաստանը չի մասնակցի «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը

12:20 • 21.02.12

Ռուսաստանը չի մասնակցի Թունիսում ուրբաթ օրը կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նրա խոսքով` Մոսկվային պաշտոնապես չեն հայտնել ոչ հանդիպման մասնակիցների կազմի, ոչ էլ ժամկետի մասին: Բացի այդ, ռուսական ԱԳՆ-ի համաձայն, Թունիս կայցելի միայն սիրիական ընդդիմությունը, իսկ կառավարության ներկայացուցիչները հրավիրված չեն:

Հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Թունիսը` Արաբական երկրների լիգայի խորհրդի` անցած շաբաթ Կահիրեում անցկացված արտահերթ նիստում:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանն ու Չինաստանը վետո էին դրել Սիրիայի հարցով բանաձևի վրա, որը պահանջում էր նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը: Իսկ ահա փետրվարի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասաբլեան ընդունեց Սիրիայի հարցով մեկ այլ բանաձև, որն ԱԽ-ի բանաձևից տարբերվում է նրանով, որ կրում է խորհրդատվական բնույթ: 

Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 6.000 մարդ: