Госдеп с Собчак-ը վերադառնում է

17:10 • 21.02.12

Համառուսական MTV ժամանցային հեռուստաալիքի եթերից հանված Госдеп с Собчак (Պետքարտուղարությունը` Սոբչակի հետ) քաղաքական թոք շոուն հաջորդ շաբաթվանից հեռարձակվելու է «Սնոբ» ամսագրի կայքում (Snob.ru):

Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, այս մասին հայտնել է «Սնոբ» նախագծի տնօրեն Նիկոլայ Ուսկովը:

«Քսենյային (թոք շոուի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը) և նրա թիմին մեկ շաբաթ ժամանակ է անհրաժեշտ առաջին թողարկմանը պատրաստվելու համար: Ամենայն հավանականությամբ, մենք կսկենք հենց այն թեմայից, որը, ենթադրաբար, այդ թոք շոուի եթերազրկման պատճառը դարձավ` «ազգայնականությունից»: Այդ հաղորդմանը պետք է Ալեքսեյ Նավալնին (ընդդիմադիր բլոգեր- Tert.am) մասնակցեր, հուսով եմ, որ նա մեզ համար էլ ժամանակ կգտնի»,- ամսագրի բլոգում գրել է Ուսկովը:

Ուսկովն ընդգծել է, որ Սոբչակին ռուս միլիարդատեր, Живи! մեդիախմբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովն է առաջարկել շարունակել թոք շոուն`  այն փակելու որոշումը «անհեթեթություն» որակելով:

Երիտասարդական Госдеп с Собчак թոք շոուն եթեր է հեռարձակվել ընդամենը մեկ անգամ` փետրվարի 7-ին. քննարկման թեման «Ուր է տանում մեզ Պուտինը» հարցն էր, իսկ քննարկման համար հեռուստաստուդիա էին հրավիրվել ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման անդամ Իլիա Յաշինը, «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը և այլք:

MTV-ն թոք շոուն փակելու որոշումը պատճառաբանել էր նրանով, որ հեռուստաալիքը ժամանցային է, իսկ երիտասարդությունը քաղաքականությամբ այդքան էլ հետաքրքրված չէ: