«Ժողովուրդ». Իմ ապագան միանշանակ չեմ տեսնում պոդիումի վրա. Լուսինե Թովմասյան

09:40 • 21.02.12

«Միսս Հայաստան-2003», «Վիցեմիսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանն այսor արդեն դիպլոմավորված դիվանագետ է, ավարտել է Սլավոնական համալսարանի միջագգային հարաբերությունների ֆակուլտետը, ինչպես նաև բիզնես լեդի է` « New mag» ամսագրի և «Նոր ռադիո»-ի հիմնադիրն և ղեկավարը:

Մեկ տարի Լուսինեն ուսանել է Լոնդոնում, հիմա վերադարձել է և պատրաստվում է ներգրավվել նոր ֆիլմերում և հաղորդումներում, մարտից հետո ծրագրերն ավելի հստակ կլինեն: «Ժողովուրդ»–ի հարցազրույցը Թովմասյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Մեկ տարի ապրեցիք ու սովորեցիք Լոնդոնում, ի՞նչ մասնագիտություն էիք ստանում:

-Միջազգային հարաբերությունների մասթերս որակավորում ստացա, բայց կրկին գաղափարներ կան որակավորվելու ու արդեն որպես դիվանագետ աշխատելու:

-Դժվար չէ՞ երիտասարդ ադջկան երկու բիզնես ղեկավարել` ռադիո և ամսագիր:

-Եթե նոր բան ես սկսում, իհարկե դժվարություններ հանդիպում են, բայց կարևորը ցանկություն ունենալն է, այդ դեպքում ամեն ինչ կհասցնես: Պատկերացրեք, ես հասցնում եմ, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքն ու հաճույքով եմ աշխատում:

-Ի՞նչ եղավ Ձեր մոդելային կարիերայի հետ, պոդիում չե՞ք բարձրանում:

-Մասնակցել եմ ցուցադրությունների, երբ դեռ 16, 18 տարեկան էի, այն տարիներին ավելի հետաքրքիր էր այդ ասպարեզը, հիմա կարծես ամեն ինչ հանդարտ վիճակում է: Բացի այդ, որպես մոդել աշխատել եմ նաև արտասահմանում` Փարիզում, Տոկիոյում, Միլանում: Եվ դրանից հետո վերադառնալ Հայաստան ու մասնակցել ինչ-որ ցուցադրությունների ինձ այդքան էլ հաճույք չի պատճառի: Մոդելային գործունեությանս երբեք լուրջ չեմ վերաբերվել, այն ավելի շատ հոբբի է եղել, բայց հիմա իմ հետաքրքրությունն այլ բնագավառներում եմ տեսնում:

-Որպես դիվանագե՞տ:

-Իմ ապագան միանշանակ չեմ տեսնում պոդիումի վրա:

-Հիմա դրսում աշխատելու առաջարկներ չկա՞ն:

-Եղել են ու կան, բայց քանի որ ես պետք է ընտրեի կա´մ ուսումը, կա´մ աշխատանքը, քանի որ անհնար է համատեղել, ես ընտրեցի ուսումս:

-Կարծիք կա, որ գեղեցիկ կանայք շատ ավելի հեշտությամբ են ճանապարհ հարթում:

-Հակառակն էլ կա, որ ավելի դժվար է: Սակայն ամեն ինչ մարդուց է գալիս, եթե դու ունես նպատակ, երազանք, հաստատ կհասնես, ոչ մրցույթներն են կարևոր, ոչ արտաքինը:

-Ձեր գեղեցկությունը պահպանելու համար ի՞նչ հատուկ մեթոդների եք դիմում` դիետաներ, մարզանք...

-Դիետաների կարիք երբեք չի եղել, չեմ էլ գնացել սպորտդահլիճ` հատուկ նիհարելու: Զբաղվել եմ լողով ձիավարությամբ...

-Խնամված, գեղեցիկ լինելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ աղջկան:

-Գիտեք, չէի ասի, որ գումարը կարևոր չէ, բայց խնամված լինելու համար գումարն ընդհանրապես կապ չունի: Պարտադիր չէ, որ դու գնաս գեղեցկության սրահ ու այնտեղից դուրս գաս խնամված: Խնամքը լրիվ ուրիշ հասկացողություն է:

-Հաճա՞խ եք լինում գեղեցկության սրահում, թե՞ ամեն ինչ ինքնուրույն եք անում:

-Քանի որ Հայաստանում գեղեցկության սրահներն ամեն քայլափոխի են, երբեմն նկարահանումներից առաջ լինում Է անհրաժեշտություն: Բայց երբ գնում եմ քաղաքից դուրս կամ մեկ տարի Լոնդոնում էի, հազվադեպ էի գնում գեղեցկության սրահ, բայց երբեք չխնամված տեսք չեմ ունեցել:

-Այդպես էլ գումարի չափ չնշեցիք:

-Չեմ կարող կոնկրետ գումարի չափ նշել, քանի որ մարդիկ տարբեր պահանջներ ու ճաշակ ունեն: Պարտադիր չէ միայն թանկ շորեր հագնես, որ գեղեցիկ տեսք ունենաս:

-Դուք չգիտե՞ք, թե ամսվա կտրվածքով որքան գումար եք ծախսում:

-Դժվար հարց եք տալիս, երբևիցե նույնիսկ չեմ մտածել դրա մասին: Չեմ հաշվում ինձ վրա ծախսած գումարը:

-Մի շրջան կար, երբ ասում էին, որ Դուք նշանվել եք: Այդ լուրերն իրակա՞ն են, թե՞...

-Եթե նշանված կամ ամուսնացած լինեի, արդեն վաղուց նկարները կտեսնեիք: Ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց նման բան չկա, դա սուտ է: