ԱՄՆ հանրապետական սենատորները Սիրիայի ընդդիմադիրներին զենք մատակարարելու կոչ են արել

01:42 • 21.02.12

ԱՄՆ-ն պետք է Սիրիայի ընդդիմադիրներին զենք մատակարարի, եթե ոչ ուղղիղ, ապա 3-րդ ` մասնավորապես արաբական երկրների միջոցով: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, նման հայտարարություն են արել, այսօր Կահիրե ժամանած ամերիկյան հանրապետական սենատորներ` Ջոն Մըքքեյնը և Լինդսի Գրեմը: Նշենք, որ այս 2 սենատորները սենատի` զինված ուժերի կոմիտեի անդամներ են:

«Ես համարում եմ, որ սիրիական ընդիմությանը զենք մատակարարելու հնարավորություն կա` առանց ԱՄՆ-ի ուղիղ մասնակցության, և ես կողմ եմ, որ զենք մատակարարվի», - նշել է Մըքքեյնը:

Գրեմը իր հերթին նշել է, որ Սիրիայի ճգնաժամին ԱՄՆ-ի կողմից ավելի ակտիվ ներգրավվածությունը կնպաստի Իրանի թուլացմանը:
«Սիրիան Իրանի ազդեցությունից դուրս քաշելու ջանքերը կարող են Իրանի միջուկային ծրագրի դանդաղեցման գործում նույնքան կարևոր դեր խաղալ, որքան պատժամիջոցները», - նշել է ԱՄՆ հանրապետական սենատորը և ավելացրել, որ եթե Սիրիայում իշխանության գան այլ ուժեր, որոնք իրենց երկրի ապագան Իրանի հետ չեն կապի, այդ դեպքում աշխարհը ավելի անվտանգ կդառնա:

Սակայն ԱՄՆ զինված ուժերի շտաբերի հրամանատարների կոմիտեի ղեկավար` գեներալ Մարտին Դեմպսին, ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ. «ներկայում վաղաժամ է Սիրիայի ընդդիմադիր շարժմանը զենք մատակարարելու մասին խոսելը»: