Ղրիմի բնակիչը Ժիրինովսկիին դատի է տվել` ավանակին ծեծելու համար (տեսանյութ)

11:00 • 21.02.12

Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ( Ուկրաինա) գտնվող Чудо-ослик ֆերմայի («Հրաշք իշուկ» ֆերման զբաղվում է  ավանակաների բուծմամբ)  սեփականատեր Նիկոլայ Պոմոգալովը Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկիի դեմ հայց է ներկայացրել դատարան: 

Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, հայցի համար պատճառ է հանդիսացել Ժիրինովսկիի նախընտրական տեսահոլովակը, որում կառքի վրա նստած նախագահի թեկնածու Ժիրինովսկին ճիպոտը ձեռքին անխղճորեն մտրակում է ավանակին` ասելով, որ այն ներկայիս Ռուսաստանն է մարմնավորում:

«Այս քոսոտ ավանակը մեր երկրի խորհդանիշն է,-տեսահոլովակում ասում է Ժիրինովսկին և հավելում,- Եթե ես նախագահ դառնամ, սրա փոխարեն երեք նժույգ ենք ունենալու»: Տեսահոլովակում Ժիրինովսկին երկար փորձում է ավանակին տեղից շարժել, բայց չի ստացվում. նախագահի թեկնածուին դա հաջողվում է տեսանյութի վերջում միայն, և էկրանին հետևյալ գրությունն է հայտնվում. «Ժիրինովսկի..., ավելի լավ է լինելու»:

 Ժիրինովսկիի այս տեսահոլովակը մեծ քննադատության արժանացավ, հատկապես, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում: Այն զայրացրել է նաև Чудо-ослик-ի սեփականատիրոջը: «Ես, որպես այդ կենդանիների բուծմամբ զբաղվող մարդ, կարծում եմ, որ այդ տեսահոլովակը կենդանիների հետ դաժան վարվելու օրինակ է»,-ասել է Պոմոգալովը:

Նիկոլայն իր հայցում պահանջում է, որպեսզի Ժիրինովսկին հրաապարակավ ներողություն խնդրի անպաշտպան կենդանուն «ստորացնելու համար»: