Կենդանաբանական այգում մտածում են Հրանտ փղի կյանքը հարմարավետ դարձնելու մասին

17:19 • 21.02.12

Ըստ եվրոպական չափանիշների՝ փղի համար լավ, վայրի բնությանը հնարավորինս մոտ պայամաներ ապահովելը ներառում է ինչպես փղերի համար զուգընկեր ապահովելը, այնպես էլ նրանց համար խմբով ապրելու պայմաններ ստեղծելը:

Պատասխանելով Tert.am–ի հարցին, թե ճի՞շտ են մամուլում եղած տեղեկություններն այն մասին, որ Երևանի կենդանաբանական այգին ցանկանում է փղերի խումբ բերել կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մանե Մադոյանն ասաց, որ այս պահին իրենք փորձում են հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան ստեղծելու պայմաններ, որպեսզի Հրանտ փիղը բնությանն առավել մոտ լինի։

Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ նպատակով հատուկ փղերի համար 300 միլիոն դրամ արժողությամբ տարածքի նախագիծ է կազմվում:

Այգու տնօրինության հաղորդմամբ՝ Հրանտ անունով արդեն 17 տարեկան փղի կյանքը հարմարավետ դարձնելու ուղղությամբ ներկայումս այգու տնօրինությունը միջոցառումների ծրագիր է մշակում, որը ներառում է համապատասխան ձմեռանոցի պատրաստումը, փղին հատկացված տարածքի ընդարձակումը և, իհարկե, զուգընկերոջ հարցի լուծումը:

Հիշեցնենք, որ 1999-ից Մոսկվայի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված փղի համար մինչ օրս հաջողվել է մեկ անգամ զուգընկեր բերել: Սակայն 2007-ի դեկտեմբերին այգի բերված Մաշան 2008-ի օգոստոսին սատկեց:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Tert.am–ին հայտնեց, որ այժմ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հնարավոր աջակցության մասին այգին բանակցում է «Գրանդ Քենդի» ընկերության հետ:

«Բանակցություններն այս պահին դեռ նախնական փուլում են, սակայն հուսով ենք, որ այգու փղիկի համար այսօրվա պայմանների փոխարեն անհամեմատ ավելի պայծառ ապագա կարող ենք ապահովել»,- ասաց այգու տնօրենը: