«Արմենիա» գինիները մոսկովյան ProdExpo-ից վերադարձել են ոսկե մեդալներով
Փետրվարի 13-ից 17-ը Մոսկվայում կայացած ամենամյա ProdExpo 2012 միջազգային ցուցահանդեսից «Արմենիա Վայն» գինու գործարանը վերադարձել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներով:
Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, «Արմենիա Վայն» գինու գործարանը նշված ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ արձանագրելով նշանակալի տնտեսական ցուցանիշներ հայաստանյան շուկայում, «Արմենիա Վայն»–ը անցած տարի սկսել է «Արմենիա» գինիների արտահանումն ԱՄՆ և Մերձբալթյան երկրներ: Ընկերությունն այս տարի խնդիր է դրել ներկայացնել «Արմենիա» գինիների հարուստ տեսականին նաև ՌԴ–ում և այս ցուցահանդեսին մասնակցությունը նաև այդ նպատակն ուներ: ProdExpo 2012 միջազգային ցուցահանդեսին ընդհանուր առմամբ մասնակցել էին շուրջ երկու հազար ընկերություն Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, «Արմենիա Վայն» գինու գործարանն արժանացել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալի ու պատվոգրերի:
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը 2012թ. լավագույն արտադրանք միջազգային մրցույթի շրջանակներում ոսկե մեդալի է արժանացրել «Արմենիա» կարմիր կիսաքաղցր գինին: Եվս մեկ ոսկե մեդալ ընկերությունն ստացել է ալկոհոլային խմիչքների արտադրության լավագույն որակի համար: «Արմենիա» սպիտակ չոր գինին արժանացել է արծաթե մեդալի:
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ Ռուսաստանի խոշոր ընկերությունների հետ ներկայումս բանակցություններ են սկսվել «Արմենիա» գինիները Ռուսաստան ներկրելու հնարավորությունների շուրջ:
Նշենք նաև, որ ProdExpo մոսկովյան ամենամյա ցուցահանդեսը սննդի արտադրանքի և հարակից ճյուղերի ոլորտում հետխորհրդային տարածքում խոշորագույն ցուցահանդեսն է, իսկ աշխարհի մակարդակով՝ խոշորագույններից մեկը։ Ամեն տարի այս ցուցահանդեսին մասնակցում են նաև մեծ թվով հայկական ընկերություններ։









