ԱՄՆ-ն քննադատել է Թուրքմենստանի ընտրությունները

10:41 • 22.02.12

Միացյալ Նահանգները քննադատել է փետրվարի 12-ին Թուրքմենստանում անցկացված նախագահական ընտրությունները: Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, Պետքարտուղարության ներկայացուցիչը (անունը չի հաղորդվում) նշել է, որ ընտրությունները չեն եղել ազատ ու արդար:

«Նախընտրական պայմանները, որոնց, մասնավորապես, ուշադրություն է դարձրել ԵԱՀԿ-ն, այդ թվում`«հիմնարար ազատության սահմանափակմանն» ու «մրցակցող քաղաքական այլընտրանքների միջև սահմանափակ ընտրությանը», բացառեցին իրապես ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը»,- ասել է նա` հավելելով, որ ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի որոշումը` դիտորդներ չուղարկել ընտրություններին, ընդգծում է այդ փաստը:

Նրա խոսքով` Թուրքմենստանի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը թույլատրում է նոր կուսակցությունների գրանցումը: «ԱՄՆ-ն կցանկանար մինչ խորհրդարանական ընտրություններն (2013թ.) աճ տեսնել այս ոլորտում: Մենք շարունակում ենք հանդես գալ Թուրքմենստանում ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության օգտին »,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Թուրքմենստանում անցկացված ընտրություններում 97,14% -ով հաղթանակ էր տարել գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ընտրություններին հրավիրվել էր ԱՊՀ դիտորդական առաքելությունը: ԵԱՀԿ-ն ներկայացված է եղել փորձագետների մակարդակով: