Ձյունամաքրման աշխատանքների պատճառով տուժած փողոցները կփոսալցվեն. քաղաքապետարան

11:46 • 22.02.12

«Ձյան մաքրման աշխատանքների հետևանքով, մայրաքաղաքի որոշ փողոցներ, այո, վնասվել են, առաջացել են փոսեր»,–Tert.am–ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը՝ հաստատելով մեր ունեցած ահազանգերն այն մասին, որ Երևանի մի շարք փողոցներ վնասվել են։ Մասնավորապես, մենք ահազանգեր ենք ստացել, որ ձյունը հալեցնելու համար ցանված աղերից և ավազից վնասվել է Նոր Նորքից Մյասնիկյան պողոտա տանող կամուրջը և հարակից փողոցները, ինչն էլ պատճառ է դառնում, որ ամեն օր՝ հատկապես առավոտյան ժամերին այդ հատվածում մեծ խցանում առաջանա։

Արթուր Գևորգյանի խոսքով՝ խնդրի մասին իրենք ևս ահազանգեր ստացել են և տեղյակ են։ «Կա քաղաքապետի հստակ հանձնարարականը տեղում ուսումնասիրել խնդիրը և գտնել լուծումներ»,– նշեց Գևորգյանը։ Նրա խոսքով՝ այս պահին, քանի դեռ աջևում են գարնանային անձրևները, հիշյալ փողոցներն ասֆալտապատելն անիմաստ է, ինչի պատճառով էլ այս պահին աշխատանքներ են տարվում միջանկյալ լուծումներ գտնելու ուղղությամբ։

«Քանի որ ասֆալտապատումն անիմաստ է, հիմա ժամանակավոր փոսալցման աշխատանքներ կատարելու ուղղությամբ են քայլեր արվում։ Իսկ գարնանն արդեն բյուջեով էլ է նախատեսվում ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ իրականացնել»,– ընդգծեց Գևորգյանը՝ ավելացնելով, որ այս պահին ժամանակավոր լուծումներով նպատակ ունեն լուծել խցանումների և մեքենաների անվտանգ երթևեկության խնդիրները։