Թուրքական դպրոցի տնօրենը կոչ է արել վերացնել վտանգավոր երեխաներին

12:03 • 22.02.12

Թուրքիայի Էրզրումի մարզի դպրոցներից մեկի տնօրեն Մուսթաֆա Այդին առաջարկել է վերացնել հասարակության համար վտանգ ներկայացնող երեխաներին, գրում է Today's Zaman-ը:

Այս հայտարարությամբ նա հանդես է եկել երեխաների շրջանում բռնություններին և դրանց կանխման եղանակներին թեմային նվիրված հանդիպման ժամանակ:

Հանդիպումն անցկացվել է տեղի ոստիկանության բաժանմունքում, որին մասնակցել են նաև ոստիկանության աշխատակիցներ և ուսումնական հաստատությունների ղեկավարներ:

Երբ խոսքը փոխանցել են Մուսթաֆային, նա հայտարարել է, որ իր դպրոցում սովորողների մեծամասնությունը գողեր են, բացի այդ, երեխաները ագրեսիվ վարքագիծ են դրսևորում և կռիվների ժամանակ զինվում են շաուրմայի համար նախատեսված դանակներով: Նա նաև հավելել է, որ երեխաները ժամանակ են անցկացնում հին և դատարկ կառույցներում և որպես ընտանի կենդանիներ պահում են թափառական շների: Տնօրենը նույնիսկ դիմել է իշխանությանը` վերացնելու համար այդ շինությունները, բայց ապարդյուն:

Արդյունքում, նա առաջարկել է վերցնել դատապարտվածների ԴՆԹ-ի նմուշները, կազմել «գենետիկական քարտեզ» և դրա օգնությամբ ստուգել երեխաների հանցագործություն կատարելու հակումները:

«Նրանք, ովքեր կճանաչվեն հասարակության համար վտանգավոր, անհրաժեշտ է ոչնչացնել «քանի դեռ նրանք չեն սկսել քայլել»», - ասել է նա:

Տնօրենի հայտարարությունը կոնֆերանսի մասնակիցների բուռն քննարկումների առիթ է դարձել: Ավելի ուշ, կրթության նախարարությունը հեռացրել է նրան պաշտոնից: